menu
 

Պետություն-մասնավոր հատված համագործակցություն

Հավելված
ՀՀ կառավարության
2017 թ. ապրիլի 13-ի նիստի N 15
արձանագրային որոշման

 

Փոխըմբռնման հուշագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և «Հայաստանի ներդրողների ակումբ» փակ ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի միջև ռազմավարական նշանակություն ունեցող ծրագրերի իրագործման մասին

 

ՀՀ կառավարությունը (այսուհետ՝ Կառավարություն) և «Հայաստանի ներդրողների ակումբ» փակ ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդը (այսուհետ՝ Ֆոնդ), այսուհետ միասին՝ Կողմեր,

Նկատի ունենալով, որ Կառավարությունը հաստատակամ է իրականացնելու բաց դռների ներդրումային քաղաքականություն, որը նպատակաուղղված է ներդրումային և գործարար միջավայրի շարունակական բարելավմանը, կարգավորման դաշտի թափանցիկության բարձրացմանը, երկրի մրցակցային առավելությունների իրացմանը, Հայաստանում իրականացվող օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալների մեծացմանը, շուկայական, արդյունաբերական և գիտատեխնիկական ենթակառուցվածքների և մարդկային կապիտալի կայուն զարգացմանը,

Ընգծելով, որ Կառավարության առաջնահերթություններից է օտարերկրյա ուղղակի ներդրումների խթանումը և ռազմավարական նշանակություն ունեցող ներդրումային ծրագրերի իրականացումը, որոնք ուղղված են Հայաստանի տնտեսության, մասնավորապես, վերջինիս համար կարևոր նշանակություն ունեցող ոլորտների ու ենթակառուցվածքների մրցունակության բարձրացմանն ու այդ ուղղությամբ բեկումնային առաջընթացին, ինչպես նա բարձր հավելյալ արժեք ապահովող ներդրումային ծրագրերի իրականացման միջոցով տնտեսական կայուն աճին, աշխատատեղերի ստեղծման և բնակչության կենսամակարդակի բարձրացման ապահովմանը,

Հաշվի առնելով, որ Կառավարությունը հանձնառու է վերականգնվող էներգիայի լրացուցիչ աղբյուրների ձևավորման միջոցով խթանել էներգետիկ ենթակառուցվածքների զարգացումը, բարձրացնել երկրի էներգետիկ անվտանգությունը, նվազեցնել բնապահպանական ծանրաբեռնվածությունը, նպաստել տեղեկատվական, հեռահաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանը, զբոսաշրջային ծառայությունների և ենթակառուցվածքների որակի բարելավմանը, մշակող արդյունաբերության զարգացմանը,

Հիմք ընդունելով, որ Ֆոնդը հանդիսանում է պայմանագրային ներդրումային ֆոնդ, որը գործում է թափանցիկ և հուսալի կորպորատիվ կառավարման և ռիսկերի զսպման համաշխարհային չափանիշների, համակարգերի և ընթացակարգերի կիրառմամբ, ինչը հնարավորություն կընձեռի կենտրոնացնել մեծածավալ մասնավոր ներդրումներ և դրանք ուղղել տնտեսության համար ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտների զարգացմանը, ինչպիսիք են էներգետիկան, այդ թվում այլընտրանքային էներգիայի արտադրությունն ու էներգետիկ ենթակառուցվածքները, զբոսաշրջային ենթակառուցվածքները, հանքարդյունաբերությունը, տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաները (այսուհետ՝ ՏՀՏ), մշակող արդյունաբերությունը,

Ելնելով այն հանգամանքից, որ Կողմերն ընդունում են հայկական սփյուռքի մարդկային և կառուցվածքային ռեսուրսների առավել արդյունավետ ներգրավման անհրաժեշտությունը, վերջինիս առկա ներուժը Հայաստանի կողմից միջազգային ներդրումային հարթակներին առավել արդյունավետ ինտեգրվելու, ինչպես նաև ներդրումների խթանման, անդրազգային ընկերությունների ներգրավման և մարդկային կապիտալի զարգացման գործում,

Հաշվի առնելով, որ տնտեսության համար ռազմավարական նշանակություն ունեցող ծրագրերի առավել արդյունավետ իրականացումը հնարավոր է միայն պետություն-մասնավոր հատված համագործակցությամբ՝ ուղղված ֆինանսական գործիքների ներդրմանը, կառավարման համակարգերի բարելավմանը, արտադրական կարողությունների ընդլայնմանը, տնտեսության արտադրողական ներուժի զարգացմանը, տեխնոլոգիական առաջընթացին և օտարերկրյա ներդրումների խթանմանը,

Ելնելով այն հանգամանքից, որ Կողմերն ընդունում են պետական և մասնավոր հատվածի գործընկերության միջոցով ներառական ներդրումների ներգրավման, ծրագրերի մշակման ու իրականացման, ինչպես նաև համագործակցության և զարգացման նոր հարթակների ձևավորման անհրաժեշտությունը տնտեսական աճի և զարգացման համար,

Կարևորելով Կառավարության և Ֆոնդի համագործակցության արդյունքում «պետություն-մասնավոր հատված» համագործակցության համար նպաստավոր պայմանների ստեղծումը, ենթակառուցվածքներում մասնավոր հատվածի մասնակցության խթանումը, ինչպես նաև թափանցիկ, կանխատեսելի, վստահելի և գործարարության տեսակետից նպաստավոր դաշտի ձևավորումը, «պետություն-մասնավոր հատված» համագործակցության խորացումը, դրա ճյուղային և ֆունկցիոնալ ծածկույթի ընդլայնումը,

Կողմերը կնքեցին սույն Փոխըմբռնման Հուշագիրը (այսուհետ՝ Հուշագիր) հետևյալի մասին.

Հոդված 1. Նպատակը

1.1. Կողմերը պայմանավորվում են համագործակցել Հայաստանում «պետություն-մասնավոր հատված» գործակցության հետագա զարգացման և խորացման ուղղությամբ:

1.2. Կողմերը պայմանավորվում են համատեղ միջոցներ ձեռնարկել ենթակառուցվածքներում և պետության կողմից իրականացվող մեծածավալ ծրագրերում օտարերկրյա ուղիղ ներդրումների ներգրավման, «պետություն-մասնավոր հատված» գործակցության համար նպաստավոր պայմանների ստեղծման, հավասարակշռված և կայուն տնտեսական զարգացում ապահովելու նպատակով «պետություն-մասնավոր հատված» գործակցության մոդելների ընտրության շրջանակներում:

Հոդված 2. Համագործակցության հիմնական ուղղությունները

2.1. Կողմերը համաձայնվում են համագործակցել և միավորել իրենց ջանքերը այնպիսի ռազմավարական ծրագրերի իրագործման նպատակով, որոնք ուղղված են խթանելու

2.2. Կողմերը համաձայնվում են.

2.2.1. Համատեղ մշակել և իրականացնել նշված ոլորտների զարգացման ուղղությամբ «պետություն-մասնավոր հատված» գործակցության ծրագրերը, ակնկալվող արդյունքները և դրանց հասնելու լավագույն ճանապարհները,

2.2.2. էներգիայի ներքին վերարտադրվող աղբյուրների օգտագործման, էներգետիկ համակարգի հուսալիության բարձրացման ծրագրերի իրականացման միջոցով նպաստել երկրի էներգետիկ անվտանգության բարձրացմանը և տարածաշրջանային ինտեգրման խորացմանը,

2.2.3. Կոշտ թափոնների պլանավորման, կառավարման և վերամշակման ծրագրերի իրականացման միջոցով նպաստել քաղաքների կայուն, հավասարաչափ և էկոլոգիապես մաքուր զարգացմանը,

2.2.4. Նպաստել զբոսաշրջային կայուն ենթակառուցվածքների ստեղծմանը, զբոսաշրջային գոտիների ձևավորմանը, զբոսաշրջային ծառայությունների մրցունակության խթանմանը՝ զբոսաշրջիկների կայուն հոսքի ապահովմանն ու տարածքային զարգացման նպատակով,

2.2.5. Նպաստել հանքարդյունաբերական ներուժի զարգացմանը՝ շեշտը դնելով հանքարդյունաբերական արտադրանքի մշակման որակի բարձրացման և սկզբնական սպառման շղթայի ապահովման ենթակառուցվածքների և ունակությունների ստեղծման վրա,

2.2.6. Նպաստել մասնավոր հատվածի ավելի մեծ տեսակարար կշռի ձևավորմանը արտահանմանն ուղղված արդյունաբերության, առևտրի, լոգիստիկայի և ենթակառուցվածքների զարգացման ոլորտներում այնպիսի ծրագրերի իրականացմամբ, որոնց արտահանման ներուժը, մասշտաբայնությունը և հարակից բիզնեսների ստեղծման մուլտիպլիկատիվ ազդեցությունները կկարողանան փոխակերպել տնտեսությունը:

2.2.7. Նպաստել ներդրումային և գործարար միջավայրի բարելավմանը, երկրի ներդրումային վարկանիշի բարձրացմանը, մարքեթինգային, տեղեկատվական հասանելիության մշակույթի ձևավորմանը, երկրի ներդրումային գրավչության ամրապնդմանը և թիրախային ոլորտներում իրականացվող ռազմավարական ծրագրերի և դրանց իրականացման մոդելների մասին օտարերկրյա ներդրողների իրազեկվածության ապահովմանը:

2.2.8. Նպաստել հայկական և օտարերկրյա ընկերությունների, մասնագետների ու ներդրողների միջև կապի ստեղծմանը, փորձի ուսումնասիրմանն ու փորձի փոխանակմանը, մասնագետների պատրաստմանն ու վերապատրաստմանը:

2.2.9. Տրամադրել օտարերկրյա ներդրողներին նշված ոլորտներում ներդրումային և գործարար միջավայրի, առավելությունների և հնարավորությունների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվություն, ինչպես նաև ներդրումների իրավական, կառուցվածքային և կազմակերպական պայմանների իրավա-տեղեկատվական աջակցություն,

2.2.10. Խորհրդակցել ծրագրերի պլանավորման, մշակման, ներդրման, իրականացման և մոնիթորինգի վերաբերյալ,

2.2.11. Նպաստել մշակող արդյունաբերության զարգացմանը:

Հոդված 3. Փոխըմբռնման հուշագրի իրականացումը

Կողմերը համաձայնվում են հետևյալ հիմնական պայմանների վերաբերյալ՝

3.1. Ռազմավարական նշանակություն ունեցող ծրագրերի իրագործման նպատակով Ֆոնդը պարտավորվում է ուսումնասիրել թիրախային ոլորտները և ներգրավել համապատասխան ներդրումներ:

3.2. Ֆոնդը պարտավորվում է վեր հանել և բացահայտել ներդրումների ներգրավման բոլոր խոչընդոտները և դրանք ներկայացնել Կառավարության քննարկմանը:

3.3. Առանձին ծրագրերի իրականացման մասով Կողմերը կարող են կնքել համաֆինանսավորման կամ դրամաշնորհային համաձայնագրեր, որոնք կհստակեցնեն գործողություններին առնչվող ծախսերը և դրանց ֆինանսավորման մեխանիզմները:

3.4. Առանձին ծրագրերի իրականացման մասով Կողմերը կարող են քննարկել համատեղ ջանքերով միջազգային ֆինանսական կառույցներից ֆինանսական և տեխնիկական օժանդակության ներգրավման ձևաչափերը և մեխանիզմները:

Հոդված 4. Խորհրդակցում և տեղեկատվության փոխանակում

4.1. Կառավարությունը և Ֆոնդը կարող են խորհրդակցել ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող այնպիսի հարցերի շուրջ և ծրագրերի իրականացման առաջընթացի ու արդյունքների վերաբերյալ, որոնք Կողմերի կարծիքով կարևոր են ծրագրերի արդյունավետ իրականացման համար:

4.2. Կանոնավոր խորհրդակցությունների միջոցով կարող են վերանայվել ռազմավարական առաջնահերթությունները՝ ապահովելով, որ համագործակցության շրջանակը համապատասխանի Կառավարության կողմից որդեգրված զարգացման ռազմավարությանը:

4.3. Կողմերը համաձայնվում են, որ առանձին դեպքերում խորհրդակցումը, տեղեկատվության ու փաստաթղթերի փոխանակումը կարող են լինել գաղտնի և/կամ կրել սահմանափակ հասանելիության բնույթ: Նման դեպքերում Կողմերը համաձայնվում են իրականացնել խորհրդակցումը, տեղեկատվության ու փաստաթղթերի փոխանակումը այնպիսի ձևաչափով, որը կապահովի այդ տեղեկատվության և փաստաթղթերի գաղտնիությունը և սահմանափակ հասանելիությունը:

4.4. Կողմերը համաձայնվում են անցկացնել հանդիպումներ և/կամ քննարկումներ՝ վերանայելու սույն Հուշագրի ներքո իրականացվող գործողությունների կատարման ընթացքը և պլանավորելու ապագա գործողությունները:

Հոդված 5. Տևողությունը, դադարեցումը և փոփոխումը

5.1. Սույն Հուշագիրը գործում է հինգ տարի ժամկետով:

5.2. Սույն Հուշագիրը կարող է փոփոխվել միայն Կողմերի փոխադարձ գրավոր համաձայնությամբ:

5.3. Փոխըմբռնման Հուշագիրը կարող է դադարեցվել Կողմերից մեկի առաջարկությամբ՝ երկու ամիս առաջ այդ մասին գրավոր տեղեկացնելով մյուս կողմին:

5.4. Փոխըմբռնման Հուշագրի ժամկետը լրանալուց հետո Կողմերը կարող են գրավոր համաձայնության գալ՝ այն երկարաձգելու վերաբերյալ:

5.5. Փոխըմբռնման Հուշագրի գործողության դադարեցման դեպքում դրա ներքո կնքված համաֆինանսավորման կամ ծրագրի շրջանակներում համագործակցության ցանկացած համաձայնագրեր և ցանկացած ծրագրային փաստաթղթեր նույնպես կարող են լուծվել՝ նման համաձայնագրերում պարունակվող լուծման մասին դրույթների համապատասխան: Այդ դեպքում Կողմերը պարտավոր են ձեռնարկել անհրաժեշտ քայլեր՝ ապահովելու, որպեսզի սույն Հուշագրով նախատեսված համաֆինանսավորման, դրամաշնորհային համաձայնագրերի և ծրագրային փաստաթղթերի ներքո իրականացվող գործողությունները հասցվեն պատշաճ և կանոնավոր ավարտի:

Հոդված 6. Ուժի մեջ մտնելը

6.1. Հուշագիրը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

Հոդված 7. Այլ հարցեր

7.1. Հուշագիրը կնքված է քաղաք Երևանում ս.թ. մայիսի 2-ին, երկու բնօրինակից, յուրաքանչյուրը հայերեն:

7.2. Հուշագիրը չի հանդիսանում իրավական առումով պարտավորեցնող և որևէ իրավունքի համաձայն չի սահմանում իրավական պարտավորություններ:

ՀՀ կառավարության անունից՝

Ֆոնդի անունից՝

Սուրեն Կարայան
Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարար

Պարույր Ամիրջանյան
«Հայաստանի ներդրողների ակումբ» փակ ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կառավարումն իրականացնող անձ «Ֆորա Կապիտալ» ՍՊԸ գլխավոր գործադիր տնօրեն

info_outline Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին:
Էջը թարմացվել է՝   10/11/2017 17:33