Վարքագծի կանոններ
1. Նպատակները
Սույն Վարքագծի կանոնները (Կանոններ) կոչված են ապահովելու, որպեսզի «Հայաստանի ներդրողների ակումբ» փակ ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի (այսուհետ՝ Ֆոնդ) կառավարումն իրականացնող անձի ղեկավարը և աշխատակիցները (Ֆոնդի Կառավարիչներ)․
ա) Ֆոնդի կառավարումն իրականացնելիս գործեն շրջահայացորեն,
բ) այդ գործունեությունն իրականացնելիս գործեն պատշաճ որակավորմամբ, հոգածությամբ և ջանասիրությամբ:
2. Գործառույթների շրջանակի և բնույթի հստակություն
- Ֆոնդի Կառավարիչները պետք է երաշխավորեն, որ լիովին հասկանում են իրենց կառավարչական գործառույթների բնույթն ու շրջանակը, ինչպես նաև լիազորությունների այն շրջանակը, որոնք կիրառելի են Ֆոնդի փայատերերի կամ ծառայություններ մատուցողների հետ առօրյա փոխհարաբերությունների ժամանակ:
- Ֆոնդի Կառավարիչները պետք է երաշխավորեն, որ ներդրվել է Ֆոնդի կառավարման և ներքին վերահսկողության արդյունավետ համակարգ, հասանելի է համապատասխան մասնագիտական ներուժ, ինչի շնորհիվ կհաջողվի փայատերերի համար ապահովվել Ֆոնդի կանոններով սահմանված ծառայությունների պատշաճ մատուցումը: Ֆոնդի Կառավարիչները պետք է ներդնեն անձնակազմի ընտրության, վերապատրաստման և վերահսկման համապատասխան ընթացակարգեր:
- Կառավարման համակարգերը և միջոցները պետք է լինեն «նպատակին համապատասխան»: Ֆոնդի Կառավարիչները պետք է ներդնեն հնարավորինս ավտոմատացված համակարգեր՝ սահմանափակելով մարդկային ներգործությունը: Սա, մասնավորապես, վերաբերվում է հաշվապահության, գրանցումների կատարման, փոխանցման և/կամ համադրման հետ կապված գործառույթներին։
- Ֆոնդի Կառավարիչները պետք է մշտապես բարձր դասեն փայատերերի շահերը:
- Որոշումներ կայացնելիս Ֆոնդի Կառավարիչները հնարավորության դեպքում պետք է հաշվի առնեն այդ որոշումների հնարավոր ընդգրկուն ազդեցությունը հանրության լայն շրջանակի և շուկայի ամբողջականության վրա:
- Ֆոնդի Կառավարիչները պետք է ապահովվեն համապատասխան կազմակերպչական կառուցվածք, ընթացակարգեր և երաշխիքներ՝ Ֆոնդի գործունեության համապատասխանությունը բոլոր գործող օրենքներին, կանոններին, ինչպես նաև Ֆոնդի հիմնադիր փաստաթղթերին ապահովելու համար: Խորհուրդը պետք է ստուգի, որ այդ համապատասխանության նկատմամբ իրականացվում է կանոնավոր մշտադիտարկում, և որ պարբերաբար ստացվում են համապատասխան հաշվետվություններ:
3. Հաղորդակցություն Ֆոնդի փայատերերի հետ
- Ֆոնդի Կառավարիչները պետք է ձեռնարկեն անհրաժեշտ միջոցները, որ Ֆոնդի փայատերերի հետ հաղորդակցությունը լինի ժամանակին և ճշգրիտ: Ֆոնդի Կառավարիչները պետք է նաև իրականացնեն ցանկացած բողոքի կամ սխալի վերաբերյալ տեղեկության հրատապ քննություն և ձեռնարկեն դրանց ուղղմանն ուղղված միջոցառումներ՝ ներառյալ բողոքների և դրանց ընթացքի վերաբերյալ գրանցումների վարումը:
- Ֆոնդի Կառավարիչները պետք է ապահովեն, որ փայատերերի՝ Ֆոնդի վերաբերյալ ստացած տեղեկությունները, մասնավորապես, Ֆոնդի ներդրումային նպատակների, ռիսկերի և ծախսերի վերաբերյալ տեղեկությունները, լինեն արժանահավատ, ստույգ, ժամանակին և չլինեն ապակողմնորոշող:
4. Շահերի բախում
- Ֆոնդի Կառավարիչները պետք է զգոն լինեն շահերի բախում առաջանալու ռիսկի նկատմամբ՝ անկախ այն հանգամանքից, դրանք կառաջանան իրենց՝ Կառավարիչների աշխատանքի իրականացման ընթացքում, թե Ֆոնդի և ծառայություն մատուցողների կամ տարբեր փայատերերի միջև: Ֆոնդի Կառավարիչները պետք է կիրառեն շահերի բախման հարցերի կարգավորման ներքին կանոններ և ընթացակարգեր: Այն դեպքերում, երբ շահերի բախումից հնարավոր չէ խուսափել, Ֆոնդի Կառավարիչները պետք է ապահովեն, որ փայատերերի շահերը չվտանգվեն չբացահայտված շահերի բախումից:
5. Գաղտնիություն
- Ֆոնդի Կառավարիչները պետք է պահպանեն Ֆոնդի փայատերերի վերաբերյալ տեղեկատվության գաղտնիության պատշաճ ապահովման համար սահմանված պահանջները:
6. «Ճանաչի՛ր քո փայատերերին»
- Այն դեպքում, երբ Ֆոնդի Կառավարիչները որպես իրենց գործառույթների մաս օրենքի կամ պայմանագրի ուժով հատուկ գործառույթներ են իրականացնում փայատերերի՝ փողերի լվացման, ահաբեկչության ֆինանսավորման հետ կապվածությունն ստուգելու նպատակով, պետք է երաշխավորեն, որ համապատասխան իրավական պարտավորությունների և այլ պահանջների վերաբերյալ լիարժեք պատկերացում ունեն: Նրանք պետք է նաև մշակեն և կիրառեն համապատասխան ներքին գրավոր ընթացակարգեր՝ ներառյալ աշխատակազմի վերապատրաստման և ներքին պահանջների համապատասխանության վերաբերյալ առնվազն տարեկան մեկ անգամ մոնիտորինգ իրականացնելու վերաբերյալ: Առանձնահատուկ ուշադրություն պետք է ցուցաբերվի փողերի լվացման դեմ պայքարի համար հաշվետու աշխատակցի դերի արդյունավետության ապահովմանը:
- Ֆոնդի Կառավարիչները պետք է երաշխավորեն, որ նախքան նոր փայատերի ներգրավվումը վերջիններիս պատշաճ կերպով ծանոթացրել են համապատասխան կարգավորումներին, գործառույթներին և ռիսկերին։
7. Հավասար հնարավորություններ
- Ֆոնդի կառավարումն իրականացնող ընկերությունը որպես գործատու երաշխավորում է հավասար հնարավորություններ իր աշխատողների համար և ապահովում է հարգանքը վերջիններիս արժանապատվության հանդեպ:
8. Խտրականության բացառում
- Սույն Կանոններով Ֆոնդի Կառավարիչները հաստատում են խտրականության բացառման ամենաբարձր չափանիշներ: Մասնավորապես, սա վերաբերվում է անձի սեռի, ռասայի, մաշկի գույնի, էթնիկական կամ սոցիալական ծագման, գենետիկական հատկանիշների, լեզվի, կրոնի կամ հավատի, քաղաքական կամ այլ հայացքների, ազգային փոքրամասնությանը պատկանելության, գույքային վիճակի, ծննդի, հաշմանդամության, տարիքի կամ սեռական կողմնորոշման, ազգության հետ կապված խտրականությունների նկատմամբ անհանդուրժականությանը և մասնավոր կյանքը վարելու՝ անձի ընտրության ազատությանը՝ պայմանով, որ այս չափանիշները համապատասխանում են գործող աշխատանքային օրենսդրությանը:
info_outline
Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին:
Էջը թարմացվել է՝ 10/11/2017 17:30