menu
 

Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի կանոնակարգ

Հաստատված է «Ֆորա Կապիտալ» ՍՊԸ
Տնօրենների խորհրդի կողմից 16.01.2017թ.
թիվ 1 որոշմամբ
Ն.Կ. Կարապետյան

Գլուխ 1. Ընդհանուր դրույթներ

  1. Սույն Կանոնակարգը (այսուհետ՝ Կանոնակարգ) ներքին իրավական ակտ է և ընդունվում է «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) 23-րդ հոդվածի 1-ին մասի հիման վրա:
  2. Կանոնակարգը բաղկացած է հետևյալ գլուխներից՝
    «Գլուխ 1. Ընդհանուր դրույթներ», «Գլուխ 2. Լիազոր մարմնին հաշվետվությունների տրամադրման ընթացակարգ», «Գլուխ 3. Հաճախորդի պատշաճ ուսումնասիրությունը», «Գլուխ 4. Ռիսկերի վրա հիմնված մոտեցում», «Գլուխ 5. Ներքին դիտարկումների գործառույթը», «Գլուխ 6. Տեղեկությունների պահպանում», «Գլուխ 7. Աշխատակիցների ուսուցում»:
  3. Կանոնակարգի իմաստով «Ֆոնդ»-ը «Հայաստանի ներդրողների ակումբ» փակ ոչ հրապարակային պայմանագրային ստանդարտ ներդրումային ֆոնդ է:
  4. Եթե այլ բան չի բխում Կանոնակարգի բովանդակությունից, ապա Կանոնակարգում օգտագործվող եզրույթներն ունեն Օրենքով սահմանված նշանակությունը:

Գլուխ 2. Լիազոր մարմնին հաշվետվությունների տրամադրման ընթացակարգ

  1. Լիազոր մարմնին հաշվետվություններ տրամադրվում են հետևյալ գործարքների վերաբերյալ.
    1. անկանխիկ գործարքներ, որոնց արժեքը գերազանցում է 20 միլիոն ՀՀ դրամը (կամ արտարժույթով արտահայտված համարժեք գումարը), ինչպես նաև կանխիկի հետ կապված գործարքներ, որոնց գումարը գերազանցում է 5 միլիոն ՀՀ դրամը,
    2. կասկածելի գործարքները կամ գործարար հարաբերությունները անկախ գործարքի գումարից:
  2. Սույն Կանոնակարգի 5-րդ կետով սահմանված հաշվետվությունները Լիազոր մարմնին են տրամադրվում ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2014թ. հոկտեմբերի 7-ի ««Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն՝ ներդրումային ծառայություններ մատուցող անձանց, կորպորատիվ ներդրումային ֆոնդերի և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված կառավարիչ չունեցող ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդերի կողմից պարտադիր տեղեկացման ենթակա գործարքի և կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ թիվ 106 հաշվետվության ձևը, դրա լրացման և հաշվետվության ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 267-Ն որոշմամբ սահմանված կարգով, ժամկետներում և օրինակելի ձևով:
  3. Ներքին դիտարկումների աշխատակիցը գործարքը կամ գործարար հարաբերությունը, այդ թվում՝ գործարքի կատարման կամ գործարար հարաբերության հաստատման փորձը պետք է որակի կասկածելի և Լիազոր մարմնին տրամադրի Կանոնակարգի 5-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված կասկածելի գործարքի վերաբերյալ հաշվետվություն, եթե առկա են կասկածներ, որ
    1. գործարքում կամ գործարար հարաբերությունում ներգրավված գույքը ստացվել է հանցավոր ճանապարհով, կամ
    2. կապված է ահաբեկչության, ահաբեկչական գործողությունների, ահաբեկչական կազմակերպությունների կամ անհատ ահաբեկիչների կամ ահաբեկչությունը ֆինանսավորողների հետ, կամ օգտագործվել է կամ առկա է մտադրություն այն օգտագործելու ահաբեկչության նպատակով կամ ահաբեկչական կազմակերպությունների կամ անհատ ահաբեկիչների կամ ահաբեկչությունը ֆինանսավորողների կողմից:
  4. Ներքին դիտարկումների աշխատակիցը պետք է դիտարկի գործարքը կամ գործարար հարաբերությունը, այդ թվում՝ գործարքի կատարման կամ գործարար հարաբերության հաստատման փորձը կասկածելի որակելու հարցը այն դեպքում, երբ
    1. իրավիճակը ամբողջությամբ կամ մասամբ համապատասխանում է կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության չափանիշներին կամ տիպաբանություններին, կամ
    2. թեև կնքված կամ առաջարկվող գործարքի կամ գործարար հարաբերության կասկածելիությունը չի բխում կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության չափանիշներից կամ տիպաբանություններից, սակայն դրա կատարման տրամաբանությունը, շարժը (դինամիկան) կամ այլ հանգամանքներ հիմք են տալիս ենթադրելու, որ այն կարող է իրականացվել փողերի լվացման կամ ահաբեկչության ֆինանսավորման նպատակով:
  5. Կանոնակարգի 5-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված հաշվետվությունների տրամադրման Կանոնակարգի 7-րդ և 8-րդ կետերով սահմանված հիմքերից մեկի կամ մի քանիսի ի հայտ գալու դեպքում Ներքին դիտարկումների աշխատակիցը կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության հիմքը հայտնաբերելու օրը իրականացնում է համապատասխան գործարքի կամ գործարար հարաբերության վերլուծություն և պատրաստում է եզրակացություն:
  6. Այն դեպքում, երբ Ներքին դիտարկումների աշխատակիցը կայացնում է գործարքը (գործարար հարաբերությունը) կասկածելի որակելու մասին որոշում, նա անմիջապես Լիազոր մարմնին տրամադրում է Կանոնակարգի 5-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված հաշվետվություն:

Գլուխ 3. Հաճախորդի պատշաճ ուսումնասիրությունը

  1. Ֆոնդի կառավարում իրականացնող անձը Հաճախորդների հետ մեկանգամյա գործարքներ կատարելիս կամ գործարար հարաբերություններ հաստատելիս, ինչպես նաև այն դեպքերում, երբ առաջանում են կասկածներ Հաճախորդի (լիազորված անձի) նույնականացմանը վերաբերող նախկինում ձեռք բերված տեղեկատվության հավաստիության կամ ամբողջականության կամ փողերի լվացման և/կամ ահաբեկչության ֆինանսավորման վերաբերյալ, պարտավոր է իրականացնել Օրենքի 16-րդ հոդվածով սահմանված Հաճախորդի պատշաճ ուսումնասիրության միջոցառումները, այդ թվում՝
    1. Հաճախորդի (այդ թվում՝ լիազորված անձի) նույնականացում և ինքնության ստուգում՝ նախքան գործարք կատարելը կամ գործարար հարաբերություն հաստատելը՝ բացառությամբ Օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերի,
    2. Հաճախորդի իրական շահառուի պարզում, վերջինիս նույնականացում և ինքնության ստուգում,
    3. իրավաբանական անձ Հաճախորդի մասնակիցների և կառավարման մարմինների լիազորությունների վերաբերյալ տեղեկությունների հավաքագրում,
    4. Հաճախորդի գործարար բնութագրի, գործարար հարաբերության նպատակի և նախատեսվող գործարքի բնույթի պարզում,
    5. գործարար հարաբերության ամբողջ ընթացքում ընթացիկ պատշաճ ուսումնասիրության իրականացում:
  2. Կանոնակարգի 11-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով սահմանված՝ Հաճախորդի, առկայության դեպքում՝ լիազորված անձի և իրական շահառուի նույնականացումը և ինքնության ստուգումը կատարվում է պետական մարմնի կողմից տրված արժանահավատ և վավեր փաստաթղթերի և այլ տեղեկությունների հիման վրա: Մասնավորապես՝
    1. ֆիզիկական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ համար անձը հաստատող փաստաթղթի կամ բացառապես լուսանկարով` պաշտոնական այլ փաստաթղթերի հիման վրա ձեռք բերվող տեղեկությունները պետք է առնվազն ներառեն անձի անունը, ազգանունը, քաղաքացիությունը, հաշվառման հասցեն (առկայության դեպքում), ծննդյան տարին, ամիսը, ամսաթիվը, վայրը, անձը հաստատող փաստաթղթի սերիան, համարը, տրամադրման տարին, ամիսը, ամսաթիվը, իսկ անհատ ձեռնարկատիրոջ համար` նաև հաշվառման համարը և հարկ վճարողի հաշվառման համարը, Հաճախորդի բնակության վայրը,
    2. իրավաբանական անձի համար պետական գրանցման փաստաթղթի կամ պաշտոնական այլ փաստաթղթերի հիման վրա ձեռք բերվող տեղեկությունները պետք է առնվազն ներառեն իրավաբանական անձի անվանումը, գտնվելու վայրը, անհատականացման համարը (պետական գրանցման, հաշվառման համարը և այլն), գործադիր մարմնի ղեկավարի անունը, ազգանունը և, առկայության դեպքում, հարկ վճարողի հաշվառման համարը,
    3. պետական մարմնի կամ տեղական ինքնակառավարման մարմնի համար ձեռք բերվող տեղեկությունները պետք է առնվազն ներառեն պետական մարմնի կամ տեղական ինքնակառավարման մարմնի լրիվ պաշտոնական անվանումը և երկիրը:
  3. Կանոնակարգի 11-րդ կետի 1-ից 3-րդ ենթակետերով սահմանված միջոցառումները օտարերկրյա իրավաբանական կամ ֆիզիկական անձանց, ինչպես նաև օտարերկրյա օրենսդրությամբ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող անձանց դեպքում ընդգրկում է նաև անձի կենսական շահերի կենտրոնի վերաբերյալ տեղեկությունների ձեռք բերումը:
  4. Կանոնակարգի 11-րդ կետի 4-րդ ենթակետերով սահմանված Հաճախորդի գործարար բնութագիրը Հաճախորդի գործունեության բնույթի, ազդեցության ու նշանակության, գործարար հարաբերությունների և միանգամյա գործարքների առկա ու ակնկալվող շարժի, ծավալների և ոլորտների, լիազորված անձանց և իրական շահառուների առկայության, ինքնության ու փոխկապակցվածության բնույթի, ինչպես նաև Հաճախորդի գործունեությանը վերաբերող այլ փաստերի և հանգամանքների վերաբերյալ տեղեկությունների պարզումն է:
  5. Կանոնակարգի 11-րդ կետի 5-րդ ենթակետով սահմանված միջոցառման իրականացման նպատակով Ներքին դիտարկումների աշխատակիցը իրականացնում է հետևյալ գործողությունները.
    1. ստուգում է գործարքների միջև փոխադարձ կապը, բացահայտում է այդ կապի հնարավոր սխեմաները, ինչպես նաև որոշում է, թե ինչ նպատակ ունեն նշված գործարքները,
    2. ստուգում է, թե արդյո՞ք իրականացվող գործարքների էությունը համապատասխանում է Հաճախորդի կողմից իրականացվող գործունեության տեսակներին,
    3. հավաքագրում է Հաճախորդի եկամտի և ունեցվածքի աղբյուրների վերաբերյալ հնարավոր տեղեկություններ,
    4. համադրում է Հաճախորդի տարբեր գործարքներով շրջանառվող միջոցների աղբյուրները, շարժը, ծավալները,
    5. գնահատում է գործարքում (գործարար հարաբերությունում) առկա հնարավոր ռիսկերը` կասկածելի գործարքների (գործարար հարաբերությունների) հիմքերի և չափանիշների հետ համադրություն իրականացնելու դեպքում,
    6. ստուգում է, թե արդյո՞ք առկա են այնպիսի գործարար հարաբերություններ կամ միանգամյա գործարքներ, որոնցով Հաճախորդը նպատակ ունի խուսափել Լիազոր մարմնին հաշվետվություն տրամադրելուց,
    7. ճշտում է որոշակի միավոր ժամանակահատվածում գործարքների տեսակները, հաճախականությունը և ժամանակագրությունը,
    8. այլ գործողություններ, որոնք Ներքին դիտարկումների աշխատակցի կարծիքով անհրաժեշտ են Հաճախորդի պատշաճ ուսումնասիրությունը բավարար և ամբողջական իրականացնելու համար:
  6. Կանոնակարգով նախատեսված Հաճախորդի պատշաճ ուսումնասիրության միջոցառումները ընդգրկում են նաև Հաճախորդ իրավաբանական և ֆիզիկական անձի նույնականացման տվյալների համեմատումների կատարումը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևերով կամ դրանց համաձայն հրապարակված՝ ահաբեկչության հետ կապված անձանց ցանկերի հետ:
  7. Կանոնակարգի 16-րդ կետով սահմանված միջոցառման իրականացման արդյունքում ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևերով կամ դրանց համաձայն հրապարակված՝ ահաբեկչության հետ կապված անձանց ցանկերի հետ Հաճախորդի նույնականացման տվյալների համընկնման դեպքում Ներքին դիտարկումների աշխատակիցը անմիջապես և առանց Հաճախորդին տեղյակ պահելու իրականացնում է հետևյալ գործողությունները.
    1. Հաճախորդին պատկանող կամ նրա կողմից վերահսկվող գույքի սառեցում,
    2. Լիազոր մարմնին կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ հաշվետվության տրամադրում:
  8. Այն դեպքերում, երբ հնարավոր չէ իրականացնել սույն գլխով սահմանված Հաճախորդի պատշաճ ուսումնասիրության միջոցառումները կամ Լիազոր մարմնի կողմից ստացվել է հանձնարարական, գործարքը կամ գործարար հարաբերությունը մերժվում կամ դադարեցվում է և դիտարկվում է կասկածելի գործարքի վերաբերյալ հաշվետվության տրամադրման հարցը:

Գլուխ 4. Ռիսկերի վրա հիմնված մոտեցում

  1. Նախքան Հաճախորդի հետ գործարք կատարելը կամ գործարար հարաբերություն հաստատելը, ըստ անհրաժեշտության նաև գործարքի կատարումից կամ գործարար հարաբերության հաստատումից հետո Հաճախորդը կամ գործարքը կամ գործարար հարաբերությունը դասակարգվում է ըստ ռիսկի հետևյալ չափանիշների`
    1. Բարձր ռիսկի չափանիշ,
    2. Միջին ռիսկի չափանիշ,
    3. Ցածր ռիսկի չափանիշ:
  2. Ի թիվս Օրենքով և ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2014 թվականի հոկտեմբերի 7-ի «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի սեպտեմբերի 9-ի թիվ 269-ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու և փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման կանխարգելման ոլորտում հաշվետվություն տրամադրող անձանց համար սահմանվող նվազագույն պահանջների վերաբերյալ Կանոնակարգը հաստատելու մասին» թիվ 279-Ն որոշմամբ սահմանված չափանիշների` բարձր ռիսկի չափանիշներ են նաև՝
    1. բարեգործական կազմակերպությունները,
    2. այն դեպքերը, երբ առաջանում են նույնականացման համար նախկինում ձեռք բերված տվյալների ճշգրտության և համարժեքության վերաբերյալ կասկածներ, այդ թվում` իրական շահառուների առկայության և նրանց մասին տվյալների իսկության հետ կապված,
    3. այն դեպքերը, երբ առկա է կանխիկ դրամի մեծածավալ շրջանառություն իրականացնող Հաճախորդ, գործարար հարաբերություն,
    4. Ներքին դիտարկումների ստորաբաժանման աշխատակցի կողմից սահմանված այլ չափանիշներ:
  3. Բարձր ռիսկի չափանիշներ հայտնաբերելու դեպքում ձեռնարկվում են Հաճախորդի հավելյալ ուսումնասիրության միջոցառումներ, այդ թվում՝
    1. ավագ ղեկավարության համաձայնության ստացում գործարքի կատարման կամ գործարար հարաբերության հաստատման և հետագա շարունակության համար,
    2. Հաճախորդի եկամուտների և ունեցվածքի աղբյուրի պարզում,
    3. գործարքի կամ գործարար հարաբերության նախապայմանների և նպատակի վերաբերյալ տեղեկությունների հավաքագրում,
    4. քաղաքական ազդեցություն ունեցող անձանց դեպքում՝ ընթացիկ հավելյալ դիտարկում:
  4. Ցածր ռիսկի չափանիշներն են՝
    1. փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի տեսանկյունից արդյունավետորեն վերահսկվող ֆինանսական հաստատությունները,
    2. պետական մարմինները, տեղական ինքնակառավարման մարմինները, պետական ոչ առևտրային կազմակերպությունները, պետական կառավարչական հիմնարկները, բացառությամբ չհամապատասխանող երկրներում կամ տարածքներում գտնվող մարմինների կամ կազմակերպությունների:
    3. Հայաստանի Հանրապետության պետական կամ համայնքի բյուջե կատարվող վճարումները,
    4. Հանրային ծառայությունների դիմաց կատարվող վճարումները,
    5. աշխատավարձի, կենսաթոշակի կամ հայտնի աղբյուրներից ստացվող սոցիալական նպաստների հետ կապված վճարումները։
  5. Ցածր ռիսկի չափանիշներ հայտնաբերելու դեպքում ձեռնարկվում են Հաճախորդի պարզեցված ուսումնասիրության միջոցառումներ, մասնավորապես նույնականացում և ինքնության ստուգում իրականացնելիս հավաքվում են հետևյալ տեղեկությունները՝
    1. ֆիզիկական անձի համար՝ անուն, ազգանուն և անձը հաստատող փաստաթղթի տվյալները,
    2. իրավաբանական անձի համար՝ անվանումը և անհատականացման համարը (պետական գրանցման համար, հաշվառման համար և այլն),
    3. պետական մարմնի և տեղական ինքնակառավարման մարմնի համար՝ լրիվ պաշտոնական անվանումը:
  6. Ռիսկը գնահատվում է միջին այն դեպքում, երբ բացակայում են բարձր կամ ցածր ռիսկի չափանիշները:

Գլուխ 5. Ներքին դիտարկումների գործառույթը

  1. Ֆոնդի փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման կանխարգելման գործառույթները իրականացվում են Ներքին դիտարկումների աշխատակցի կողմից:
  2. Ներքին դիտարկումների աշխատակցի գործառույթները վերապահված են Ֆոնդի կառավարում իրականացնող անձին:
  3. Ներքին դիտարկումների աշխատակիցը Օրենքով, դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերով և Կանոնակարգով սահմանված գործառույթներն իրականացնելիս անկախ է և ունի ավագ ղեկավարության կարգավիճակ:
  4. Ներքին դիտարկումների աշխատակիցը՝
    1. մշակում է փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ներքին իրավական ակտեր, դրանք ներկայացնում է համապատասխան մարմնի հաստատմանը,
    2. իրականացնում է փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ներքին իրավական ակտերի արդյունավետության դիտանցումը, առաջարկներ է ներկայացնում դրանց արդյունավետությունը բարձրացնելու վերաբերյալ,
    3. ապահովում է Ֆոնդի կապը Լիազոր մարմնի հետ,
    4. ապահովում է Ֆոնդի անունից Լիազոր մարմնին տեղեկացման ենթակա գործարքների վերաբերյալ հաշվետվությունների և այլ տեղեկությունների տրամադրումը,
    5. կասկածելի գործարքների կամ գործարար հարաբերությունների բացահայտման նպատակով իրականացնում է վերլուծություններ և ուսումնասիրություններ,
    6. հետևում է գործարար հարաբերությունների ընթացիկ դիտանցմանը և պարբերաբար վերանայում է տեղեկությունների ճշգրտման և թարմացման ընթացքը,
    7. ապահովում է Ֆոնդի Հաճախորդների դասակարգումն ըստ ռիսկի աստիճանի,
    8. կազմակերպում է փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման ոլորտում ներքին ուսուցումը և վերապատրաստումը, իրականացնում է ուսուցման ծրագրերի ընթացքի և արդյունքների դիտանցումը,
    9. որոշում է կայացնում գործարքը կամ գործարար հարաբերությունը մերժելու, ահաբեկչության հետ կապված ֆինանսական միջոցները սառեցնելու վերաբերյալ,
    10. իրականացնում է տեղեկատվության հաշվառումը և տեղեկատվության պահպանման դիտանցումը,
    11. իրականացնում է ուսումնասիրություններ և այլն:
  5. Ներքին դիտարկումների աշխատակիցը կիսամյակը մեկ անգամ ուսումնասիրում է Ֆոնդի գործունեության համապատասխանությունը Օրենքին, դրա հիման վրա ընդունված իրավական ակտերի պահանջներին և ուսումնասիրության արդյունքները ներկայացնում է Լիազոր մարմնին՝ իրավասու մարմնի կողմից հաստատվելուց հետո մեկշաբաթյա ժամկետում:

Գլուխ 6. Տեղեկությունների պահպանումը

  1. Ֆոնդը Հաճախորդի (լիազորված անձի) հետ գործարք կատարելիս կամ գործարար հարաբերություն հաստատելիս նրանից պահանջում է Կանոնակարգով սահմանված, բոլոր անհրաժեշտ տեղեկությունները:
  2. Կանոնակարգով նախատեսված տեղեկատվությունը պետք է հաշվառվի: Հաշվառումն իրականացվում է Ներքին դիտարկումների աշխատակցի կողմից էլեկտրոնային եղանակով` գրառելով բոլոր այն փաստաթղթերը, որոնք ստացվել են Հաճախորդից (լիազորված անձից) նրա հետ գործարար հարաբերություն հաստատելու կամ նրա համար գործարք կատարելու ժամանակ:
  3. Սույն գլխով նախատեսված տեղեկատվության թարմացումը կատարվում է հիմք ընդունելով Հաճախորդի կամ գործարքի կամ գործարար հարաբերության ռիսկի դասը:
  4. Հաճախորդի պատշաճ ուսումնասիրության շրջանակում հավաքված տեղեկությունների (բացառությամբ հաճախորդի նույնականացման և ինքնության ստուգման արդյունքում ձեռք բերված տեղեկությունների, որոնք թարմացվում են տարին առնվազն մեկ անգամ) թարմացումը կատարվում է հետևյալ պարբերականությամբ.
    1. տարին մեկ անգամ՝ միջին (ստանդարտ) ռիսկի դեպքում,
    2. վեց ամիսը մեկ անգամ՝ բարձր ռիսկի դեպքում,
    3. երեք ամիսը մեկ անգամ՝ քաղաքական ազդեցություն ունեցող անձի դեպքում,
    4. երկու տարին մեկ անգամ՝ ցածր ռիսկի դեպքում:
  5. Հաշվառման և պահպանման են ենթակա`
    1. Հաճախորդի նույնականացման տվյալները, այդ թվում` հաշվեհամարի և հաշվի շարժի վերաբերյալ տվյալները,
    2. գործարքի (գործարար հարաբերության) հիմնական պայմանների վերաբերյալ տվյալները, որոնք հնարավորություն կտան վերականգնելու գործարքի (գործարար հարաբերության) իրական պատկերը,
    3. կասկածելի գործարքի վերաբերյալ հաշվետվությունը, ինչպես նաև հաշվետվության հիմքում ընկած տեղեկություններն ու հաշվետվություն ներկայացնելու վերաբերյալ հարցի քննարկումների արձանագրությունները,
    4. կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ այն տվյալներն ու ենթադրությունները, որոնց հետ կապված` Լիազոր մարմնին չի ներկայացվել կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ հաշվետվություն,
    5. Օրենքին, դրա հիման վրա ընդունված իրավական ակտերի պահանջներին Ֆոնդի գործունեության համապատասխանության ուսումնասիրության արդյունքները,
    6. փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման կանխարգելման թեմայով կազմակերպված ուսուցումների նյութերը, դրանց մասնակցած աշխատակիցների տվյալները և մասնակցությունը հավաստող փաստաթղթերը:
  6. Կանոնակարգի 34-րդ կետով սահմանված տեղեկությունները (ներառյալ՝ փաստաթղթերը) պետք է պահպանվեն գործարար հարաբերության ավարտից կամ գործարքի կատարումից հետո՝ առնվազն 5 տարվա ընթացքում, իսկ օրենքով նախատեսված լինելու դեպքում` ավելի երկար ժամկետով:

Գլուխ 7. Աշխատակիցների ուսուցում

  1. Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման կանխարգելման գործառույթներ իրականացնող աշխատակիցների համար պարբերաբար կազմակերպվում են փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման կանխարգելման թեմայով ուսուցումներ:
  2. Դասընթացների իրականացման ժամանակացույցը և թեմաները կազմվում են՝ հիմք ընդունելով Կանոնակարգի 29-րդ կետի համաձայն կատարված ուսումնասիրության արդյունքները:
info_outline Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին:
Էջը թարմացվել է՝   10/11/2017 17:31